ԱՅՆԹԱՓԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Այնթափի գործը հայտնի է նաև որպես «ջանջիլի գործ» կամ «հայկական ճերմակ գործ», անվանում, որը նրան տվել են ամերիկացի միսիոնարները։ Չնայած հիմնականում կատարվում է բարակ բամբակե՝ ճերմակ կտորի վրա, գործը կիրառվում է նաև վուշե կամ մետաքսյա գունավոր կտորների վրա։ Աշխատանքը կատարվում է ձգված կտորի վրա՝ քարգահի (օղակի) օգնությամբ։ Կտորի հենքի թելերը հանվում են, բաժանվում և ձևավորվում են փեթակների պես նախշեր։ Օգտագործվում է մինչև 80 տեսակի կար, իսկ ամենահաճախ հանդիպող նախշը ութանկյուն աստղն է։ Այնթափի գործը մեծ ճանաչում ստացավ 1915-ի ջարդերից հետո՝ որբանոցներում հայ երեխաներին սովորեցնելու և նրանց ապրուստի միջոց ապահովելու նպատակով։