ՔԻԼԻՍԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Քիլիսի ասեղնագործությունը հայկական վերադիր ասեղնագործության տեսակ է, որը ձևավորվել է որպես Կիլիկիա-Կապադովկիայի դպրոցի ճյուղ։ Քիլիսը մինչև 1915 թ․ եղել է Արևմտյան Հայաստանի հայկական կենտրոններից, որտեղ ապրել են շուրջ 6,000 հայեր, ինչն էլ նպաստել է ասեղնագործության ավանդույթի տարածմանը:
Գործը կատարվում է 2 կտորի միջոցով. վերևի գործվածքը ծալում և կտրում են մկրատով, ապա կարում հիմքի կտորի վրա՝ մանր կութերով, կողքակար տեխնիկայով։ Նախշերը հիմնականում բուսական, երկրաչափական և խորհրդանշական են՝ խաչեր, թռչուններ։ Այս տեխնիկայով պատրաստված քառակուսի ծածկոցները՝ տուտկապները, ծառայել են որպես ծրարներ, որոնք ծալվում էին և պահում կենցաղային կամ արժեքավոր իրեր։ Քիլիսի հայ համայնքի տեղահանությունից հետո դրանք դարձել են ընտանիքներում պահպանվող հիշողության կարևոր մաս և փոխանցվել սերունդներին որպես մշակութային ժառանգություն։