ՈՒՐՖԱՅԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ուրֆայի ասեղնագործությունը ձևավորվել է Եդեսիա քաղաքում, որը մ․թ․ա․ 2-րդ դարից եղել է Օսրոյենե թագավորության մայրաքաղաք, հետագայում՝ քրիստոնեության կարևոր կենտրոն։ Այստեղ է հիշատակվում Աբգար թագավորի նամակագրությունը Քրիստոսի հետ, և այստեղ է Մեսրոպ Մաշտոցը ստեղծել հայոց այբուբենը։ Այս մշակութային բարդ շերտերի միջավայրում ձևավորվել է Ուրֆայի ասեղնագործության նուրբ տեխնիկան։

Գործը կատարվում է մանիսա կտորի վրա՝ մետաքսե և ոսկեթելերով, նախապես նկարված ծաղկային և բուսական նախշերով։ Ասեղնագործությունը երկկողմանի է, և գծային շարքերով կառուցված նախշերը կտորի վրա կազմում են նուրբ ու ներդաշնակ պատկերներ։ Ծաղիկների կենտրոններում հաճախ կիրառվում են թելքաշ կամ «Վանի» կարի տարրեր։ Այս տեխնիկան դանդաղագործ է և պահանջում է մեծ ուշադրություն, ուստի Ուրֆայում 20-րդ դարասկզբին այն ուսուցանվում էր որպես օգտակար արհեստ միսիոներական որբանոցներում։

Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյանը ՀՀ ժողովրդական վարպետ է 2002 թվականից։ Նա սկսել է լրջորեն զբաղվել ասեղնագործությամբ 1990-ականներից՝ Սոֆիա Գալֆարյանի ուղեկցությամբ, և ինքնուրույն վերծանել է մի շարք մոռացված տեխնիկաներ։ Աշխատել է «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում, Հենրիկ Իգիթյանի գեղագիտության կենտրոնում և Տերյան մշակութային կենտրոնում։ Հեղինակել է մի շարք ուսուցողական գրքեր, ներառյալ` «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» և «Հայկական ասեղնագործ ժանյակ»։ 2023-ից ղեկավարում է «Թելարվեստ» խմբակը՝ կազմակերպելով ցուցահանդեսներ։ Նրա գործունեությունը նվիրված է ասեղնագործության վերածննդին և փոխանցմանը։

Վանի ասեղնագործ ժանյակների փաթիլներ
Վասպուրականի կար ասեղնագործություն
Վանի ասեղնագործ ժանյակի համադրություն